Պետական իշխանության բաժանման հիմնախնդիրը

Իշխանությունների բաժանման գաղափարը

Հասկանալով, որ իշխանությունը մեկ անձի կամ պետական մարմնի ձեռքում կենտրոնացնելը ոտնահարում է երկրների բնակիչների իրավունքները և անսահմանափակ իշխանություն է տալիս մեկ գաղափարախոսություն ունեցող մեկ անձի կամ մարմնի, որը կարող է հավերժ սեփական ցանկությունների համաձայն շարժվել, լուսավորության դարաշրջանում մարդիկ սկսեցին մտածել իշխանությունն ուրիշ մեթոդով բաժանելու մասին։ Մասնավորապես ֆրանսիացի լուսավորիչ Շառլ Լուի Մոնտեսքյոն առաջարկեց իշխանությունը երեք՝ օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի բաժանել։ Սրանք գործելու էին միմյանցից անկախ և հակակշռելու էին իրար, ինչը իշխանությունը պահելու էր ազնիվ, արդար, հավասար։ Ինչպես նկատելի է, այս մեթոդը լայն տարածում ունի աշխարհի պետությունների մեծամասնությունում, սակայն միշտ չէ, որ գործում է այնպես, ինչպես նախատեսված է։ Սկզբունքը Հայաստան մտցնելու փորձեր եղան թե՛ Առաջին, թե՛ Երկրորդ հանրապետությունների ժամանակ, սակայն դա ի վերջո իրագործվեց միայն Երրորդ հանրապետությունում։

ՀՀ Օրենսդիր իշխանություն

ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմինը Ազգային ժողովն է՝ միապալատ խորհրդարան՝ 107 նստատեղով։ 2021 թվականի հունիսին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում այժմ ԱԺ-ում գտնվող պաշտոնատար անձիք անդամակցում են երեք կուսակցությունների/դաշինքների՝ Քաղաքացիական պայմանագիր (71 մանդատ), Հայաստան դաշինք (29 մանդատ) և Պատիվ ունեմ դաշինք (7 մանդատ), ինչի արդյունքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կազմում է մեծամասնություն (53.95%)։ Ոչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կատարվում են 5 տարին մեկ։ ԱԺ-ում տեղ ստանալու համար կուսակցությունը պետք է հավաքի ձայների առնվազն 5%-ը, դաշինքը՝ 7%-ը, սակայն եթե դրանից բարձր են հավաքում միայն երկու կուսակցություն/դաշինք, ապա մանդատ է տրվում նաև երրորդ ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությանը/դաշինքին, ինչը կատարվեց 2021 թվականի հունիսի ընտրությունների ժամանակ։ Մանդատներից 4-ը տրվում են ազգային փոքրամասնություններին, և յուրաքանչյուր կուսակցությունից/դաշինքից ներկայացուցիչների ամենաշատը 70%-ը կարող է լինել նույն սեռի ներկայացուցիչ։ ԱԺ հերթական նիստերը հրավիրվում են 3 շաբաթը մեկ 4 օր անընդմեջ։ Դրանց օրակարգը գրվում է նախապես և անհրաժեշտության դեպքում թարմացվում է։ Արտահերթ նիստ հրավիրելու համար խորհրդարանի առնվազն 1/4-ը պետք է պաշտոնական գրությամբ դիմի ԱԺ նախագահին (այժմ՝ Ալեն Սիմոնյան)՝ նշելով արտահերթ նիստի ժամկետը և օրակարգը։ Խորհրդի անդամներն արտահերթ նիստի գումարման մասին պետք է տեղեկացվեն առնվազն 3 ժամ առաջ։ Նիստերի ընթացքում հարցերի քննարկման, հարցեր հնչեցնելու, դրանց պատասխանելու և այլնի համար սահմանված են հստակ ժամանակահատվածներ։

ՀՀ Գործադիր իշխանություն

ՀՀ բարձրագույն գործադիր մարմինը Կառավարությունն է, որը, ըստ ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածի, կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից։ Հանրապետության նախագահը խորհրդարանական մեծամասնության ընտրած վարչապետի թեկնածուին նշանակում է վարչապետ, որից հետո վարչապետը առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներ, որոնց կրկին նշանակում է նախագահը։ Այսպիսով ձևավորվում է Կառավարությունը։ Այս մարմնի առաքելությունն է իրականացնել պետության ներքին և արտաքին գործառույթները, մշակել դրանք։ Քանի որ Կառավարության ղեկավարը վարչապետն է, նա ծրագրի շրջանակներում պետք է որոշի Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները և համակարգի անձնակազմի աշխատանքը։ Կառավարության ծրագիրը պետք է ներկայացվի նաև Ազգային ժողովին՝ պետական բյուջեի մասով հաստատման համար, որի կատարումից հետո ֆինանսական հաշվետվությունները ևս պետք է ներկայացվեն։ Քանի որ Կառավարության առաքելության մեջ է նաև մտնում պետական անվտանգության ապահովման և պետության պաշտպանության գործառույթը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը և պետական վերահսկողության ծառայությունը ենթակա են Կառավարությանը։

ՀՀ Դատական իշխանություն

ՀՀ Դատական իշխանությունն իրականացվում է առաջին, միջանկյալ և բարձրագույն ատյանների դատական մարմինների կողմից։ Առաջին ատյանի կառույցներն են ընդհանուր իրավասության (Երևանի և մարզերի դատարաններ) և մասնագիտացված (վարչական և սնանկության) դատարանները։ Երկրորդ ատյանի դատական մարմիններ են քրեական, քաղաքացիական և վարչական վերաքննիչ դատարանները։ Բարձրագույն ատյանի մարմիններն են Վճռաբեկ դատարանը և Սահմանադրական դատարանը։

Վճռաբեկ դատարանը բարձրագույն ատյանի դատական մարմիններից առաջինն է, որը ապահովում է օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստում իրավունքի զարգացմանը։ Այն կազմում են դատարանի նախագահը, քրեական պալատը և քաղաքացիական և վարչական պալատը։ Քրեական պալատը կազմված է պալատի նախագահից և հինգ դատավորից, քաղաքացիական և վարչական պալատը՝ պալատի նախագահից և ինը դատավորից։ Վճռաբեկ դատարանի նախագահը՝ դրա գլխավոր ղեկավարը, պարտավոր է ապահովել դատարանի բնականոն գործունեությունը, հրավիրել և վարել դատարանի նիստերը, հրապարակման ուղարկել դատարանի որոշումները, դատավորներին տրամադրել արձակուրդ, ներկայացնել Վճռաբեկ դատարանը հանդիպումներում, վերահսկել դատարանի և դրա անդամների գործունեությունը և այլն։ Դատարանի յուրաքանչյուր անդամ ունի նաև օգնական և գործավար, որոնք դատավորի հանձնարարությամբ օժանդակում են իրենց նախապատրաստման աշխատանքներում։ Նրանք կարող են դատավորի պահանջով ազատվել աշխատանքից։ Վճռաբեկ դատարանի կարևոր դեպարտամենտ է Իրավական փորձաքննությունների վարչությունը, որն իրականացնում է դատական ակտերի, որոշումների, այլ փաստաթղթերի նախնական փորձաքննություն և իր մասնագիտական կարծիքն է տրամադրում դրանց վերաբերյալ։ Երկու պալատներն ունեն իրենց համապատասխան գրասենյակները, որտեղ գրանցում, ընդունում և հասցեատերերին են հանձնում համապատասխան փաստաթղթերը։ Վճռաբեկ դատարանի կարևոր գործառույթներից է վերաքննիչ դատարանի և սեփական դատական ակտերի վերանայումը։

ՀՀ-ում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը, ապահովում է Սահմանադրության գերակայությունը։ Այս մարմինն իր գործունեության մեջ անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը։ ՍԴ նիստերը հրավիրում է Սահմանադրական դատարանի նախագահը, որը 2015 թվականից ի վեր ընտրվում է ՍԴ դատավորների ձայների 2/3 մեծամասնությամբ։ Գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր կամ գրավոր ընթացակարգով։ Դրանց արդյունքում ընդունվող որոշումները վերջնական են։

ՀՀ կառավարման մոդելը։ իշխանության կառավարման ճյուղերը

Դիտարկելով և ուսումնասիրելով իշանության կառավարման երեք՝ օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերը և հիմնվելով այն փաստի վրա, որ ՀՀ-ն այժմ ունի կառավարման խորհրդարանական մոդել՝ կարծում եմ, որ իշխանական հարցերում գործադիր իշխանության՝ կառավարության կառավարման դերն է շատ բարձր՝ համեմատած մյուս երկու ճյուղերի հետ։ Սակայն, իր հերթին, խորհրդարանը նույնպես ակտիվություն է ցույց տալիս պետության գործերում։ Համենայնդեպս, օրենսդիր և գործադիր մարմիններն այս կառավարման մոդելում իրար ավելի լրացնող են և ինչ-որ չափով աջակից։ Դատական իշխանությունն ավելի անկախ մարմին է՝ ինչքան էլ, որ հաշվետու է խորհրդարանին։ Սակայն հատուկ է նրա գործունեությունն այնքանով, որ եռյակի օղակում գործում է ավելի առանձին՝ անկախ մյուս երկու իշխանություններից։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started