Ուիլյամ Ուայմարք Ջեյքոբս «Կապիկի թաթը»

Կյանքում ոչ մի բան մեզ հենց այնպես չի տրվում։ Ամենահասարակ բանը ստանալու համար անգամ մարդ մի փոքր մաս իրենից պետք է տա, զոհաբերի։ Մարդկությունը դեռևս հին ժամանակներից միլիոնավոր փորձեր է կատարել ավելի հեշտ ստանալու, ձեռք բերելու իրեն անհրաժեշտ իրը, անձը կամ երևույթը։ Ինչ խոսք, մենք կարողացել ենք տարիների ընթացքում հեշտացնել մեր աշխատանքը՝ խնայելով ավելի շատ ժամանակ։ Բայց ահա մի բան հաստատ է․ մարդկությունը չի կարող առանց որևէ ջանքի, ներդրման կամ զոհաբերության ինչ-որ բան ձեռք բերել, ինչքան էլ մեկ ուրիշն այդպես դա ներկայացնի։

Հենց այս գաղափարն է ընկած ուսումնասիրվող «Կապիկի թաթը» պատմվածքում։ Չեմ կարող չնշել, որ պատմության ընթացքն այնպիսի կերպով էր զարգանում, որ ընթերցանության ողջ ընթացքում այն ինձ պահեց լարված, սպասողական մթնոլորտում։ Վերջինիս նախ նպաստում էր պատկերային նկարագրությունը․ պատմության ողջ ընթացքում գունային ու լուսային պատկերացումն ինձ մոտ տպավորված էր որպես սև ու խավար միջավայր, կարծես ողջ պատմությունն անցնում էր մթության ու խավարի մեջ։ Դա, իմիջիայլոց, նկարագրությունների ամենատպավորիչ մասն էր։

Եվ անդրադառնալով ավարտին՝ պետք է խոստովանեմ, որ հիասթափություն ապրեցի։ Միգուցե վերջաբանի այդ տարբերակն իր հերթին ինչ-որ ասելիք ուներ, բայց անձամբ ես լրիվ այլ վերջաբան էի ակնկալում, ավելի արժանի ավարտ այն ողջ սպասումից ու լարվածությունից հետո, որ ունեցա կարդալու ընթացքում։

Ինչևէ, ընդհանուր միտքը լավ էր, անհրաժեշտություն մեր ժամանակներում։ Պատմվածքն ինքնին արտացոլում է այն իրավիճակը, երբ շատ մարդիկ, ցանկանալով իրենց ուզածին հասնել կարճ ու հեշտ եղանակով, վերջում հայտնվում են հենց իրենց լարած թակարդում և այդժամ փորձում ազատվել հետևանքներից։ Սա դաս էր բոլոր նրանց համար, ովքեր, հրապուրվելով հեշտ տրվող ու մատչելի երևույթներից, կորցնում են կյանքի ավելի բարձր արժեքներ։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started