Գաբրիել Գարսիա Մարկես-Ինչպես նորոգել աշխարհը

«Այդքան ջանք մի գործադրիր, ամեն լավ բան տեղի է ունենում անսպասելի» Գարսիա Մարկես

Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկեսը, լինելով 20-րդ դարի ամենաազդեցիկ և իսպանալեզու գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկը, 1972 թվականին արժանացել է Նեյշտադյան գրական միջազգային մրցանակի, իսկ 1982 թվականին՝ Նոբելյան մրցանակի գրականության ոլորտում: «Հարյուր տարվա մենություն»-ը նրա գրած ամենահայտնի վեպն է։ Այն իսպաներենով գրված ամենակարդացվող և թարգմանվող ստեղծագործություններից մեկն է։

Նրա «Ինչպես նորոգել աշխարհը» պատմվածքը փոքրիկ ստեղծագործություն է, բայց իր մեջ մեծ իմաստ է պարունակում։ Այն առաջին հերթին ցույց է տալիս մանկական մտածողությունն ու տրամաբանությունը։ Թե ինչպես մարդը կարող է հասնել որևէ խնդրի լուծման՝ մտածելով ընդունված սահմաններից դուրս։ Տեսնել ու նկատել այն պարզն ու հասարակը, որ մարդիկ չեն նկատում՝ ընտրելով դժվար ուղին։ Պատմվածքում ընկած է նաև գիտելիքի ուժի գաղափարը։ Երեխան ուներ պատկերացում մարդու պատկերի մասին, ինչը նրան տարավ գլուխկոտրուկի լուծմանը։ Սա արտահայտում է այն միտքը, որ մարդ կարող է ունենալ սահմանափակ գիտելիքներ, այնուհանդերձ զարգացնել դրանք իր մեջ և հասցնել ավելի բարձր մակարդակի։ Այսպիսով՝ հանգում ենք այն եզրակացության, որ ցանկացած գիտելիք ունի որոշակի ուժ և նշանակություն, որով մարդուն կարող է օգտակար լինել։ Պակաս կարևոր չէ նաև հոր կերպարը, ով չնայած տարված է աշխարհի հոգսերով, սակայն այդ գործը չի վստահում իր փոքր տղային։ Սա նաև խոսում է հոր կարծրատիպային մտածողության մասին, ըստ որի երեխան չի կարող այդպիսի հարցերի շուրջ մտածել, իրեն օգտակար լինել։ Իսկ պատմվածքի վերջում մենք հասկանում ենք հոր բուն սխալը՝ ապրել կարծրատիպերով և վստահություն չունենալ ուրիշների հանդեպ։ Եվ վերլուծությունս ուզում եմ ավարտել ստեղծագործության բուն իմաստով, որը հեղինակը թաքցրել է պատմվածքի վերջում։ Այն է՝ աշխարհը կարելի է շտկել՝ շտկելով մարդուն։ Տղան նույնպես կատարում է այդ գործողությունը․ մարդու պատկերը շտկելով՝ շտկում է աշխարհի քարտեզը։ Իրավամբ, աշխարհը բարեփոխելու գործընթացը պետք է սկսել անհատից։ Յուրաքանչյուր ոք պետք է նախևառաջ փոխի իրեն, որ կարողանա փոխել ողջ հասարակությանը։

Design a site like this with WordPress.com
Get started