RippleFlow նախագծի առաջին հանդիպում-քննարկումը

Նախագծի հիմնադրումից մեկ շաբաթ անց՝ կրթահամալիրի շրջանակներում, տեղի ունեցավ RippleFlow նախագծի առաջին հանդիպում-քննարկումը, որն իրենից ակնկալում էր նախագծի պրեզենտացիոն ներկայացումը, ծանոթացումը ինքնազարգացման կենտրոնի առաքելության, հիմնական գործունեության և զարգացման հնարավոր ուղղությունների հետ։

Հանդիպման ընթացքում հատկապես անդրադարձանք մեր ակումբային և արտադասընթացային գործունեության մանրամասներին, ներկայացրինք RippleFlow նախագծային թիմը և խոսեցինք մեր 1-ին անդամագրության մասին։

Հանդիպմանը ներկա էին ինչպես կրթահամալիրի սովորողները, այնպես էլ մի շարք դասավանդողներ, Ավագ դպրոցի ղեկավարությունը, կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտա Սարգսյանը և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը։ Ներկաները հանդիպման ողջ ընթացքում մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ լսում էին նախագծի էությունը, գաղափարն ու առաքելությունը։

Հանդիպման ավարտին ժամանակ տրվեց հարց ու պատասխանի համար, որի շրջանակում կրթահամալիրի դասավանդողներն ու ղեկավարությունը հանդես եկան մի շարք համագործակցային առաջարկներով, որոնք կօգնեն RippleFlow կրթական նախագծին աճել, զարգանալ և ավելի մեծ թվով սովորողներ ու անդամներ ներգրավել։

RippleFlow նախագիծը հավանության արժանացավ սովորողների, դասավանդողների և կրթահամալիրի ղեկավարության կողմից, մասնավորապես պարոն Բլեյանը իր խոսքում նշեց այն հնարավոր համագործակցության ու աջակցության մասին, որ կրթահամալիրը պատրաստ է տալ։ Հանդիպման ներկաները մեզ երաշխիքներ տվեցին կրթահամալիրում մեր գործունեության իրականացմանն աջակցելու և մեզ տրամադրելու ամեն հարմար առիթ՝ RippleFlow-ի կրթական-համագործակցային ծրագրերն իրականացնելու։

Ընդհանուր առմամբ՝ հանդիպումն անցավ շատ արդյունավետ, հետաքրքիր ու օգտակար։ Մեր այս հանդիպումը այն հազարավոր աստիճաններից առաջինն էր միայն դեպի լիակատար հաջողություն։ Բայց հենց այս առաջին քայլի տոկունությամբ է որոշվում յուրաքանչյուր կառույցի հիմքը։ Եվ մենք վստահ ենք, որ մեր առաջին հաստատուն քայլը ճանապարհ է հարթելու ապագա հաջողությունների, նպատակների և զարգացման համար։

Մասնակիցների կարծիքներն ու մեկնաբանությունը

Շատ հավես անցավ օրը, ուրախացնում է, որ Տիար Բլեյանը և այլ ուսուցիչները ոգևորվեցին, ինչով մեզ ավելի են ոգեշնչում աշխատանքը շարունակելու և կատարելության հասնելու։

-Քեթրին Աղաջանյան

Մեր խմբի առաջին հանդիպումը անցավ ավելի լավ, քան մենք երբևէ կարող էինք պատկերացնել: Մենք ստացանք հետաքրիր առաջարկներ մեր ուսուցիչներից և պարոն Բլեյանից: Այս հանդիպումը ինձ, որպես անդամ, շատ ոգեշնչեց ավելի ակտիվ լինել մեր խմբում:

-Սյուզի Մելիքյան

Այսօր Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ մեր RippleFlow նախագծի մեկնարկային պրեզենտացիան, որի ընթացքում մեր նախագծային խումբը ներկայացրեց մեր հետագա անելիքները և նախագծի ընդհանուր առաքելությունը։ Ես ներկայացրեցի արտադասընթացային գործունեության բաղադրիչը, քանի որ հանդիսանում եմ RippleFlow նախագծի միջոցառումների համակարգողը։ Շատ մեծ ինտուզիազմով սպասում եմ մեր նախագծի գործունեությանը։

-Յանա Խաչատրյան

Այսօր տեղի ունեցավ մեր “RippleFlow” նախագծի երկար սպասված հանդիպում-ներկայացումը: Ես Ալիսն եմ, RippleFlow նախագծի մենեջերը և կուզեմ մի փոքր պատմել՝ ինչպես է ամեն ինչ սկսվել: Նախագծի ստեղծողը Արի Ագոփն է, ում մտահղացմամբ է ամեն ինչ մեկնարկել: Մենք, լսելով նախագծի գաղափարի մասին, միասին որոշեցինք միանալ և աջակցել Արիին, երբ լսեցինք նախագծի ապագա պլանների մասին, որի մասին տեղյակ կլինեք շատ շուտով: Ամեն ինչ իր հունով էր գնում, դասընթացները, պատասխանատվության ու աշխատանքի բաժանումները և մենք սպասում էինք գրասենյակի համաձայնությանը՝ ներկայացնելու մեր թարմ մտահղացումները: Եվ ահա մեկ օր, շատ հանկարծակի իմացանք, որ մեր նախագծի պրեզենտացիոն ներկայացումը տեղի է ունենալու հենց հաջորդ օրը: Մեր թիմը թեթև լարվեց, բայց թիմային ակտիվ ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ կարողացանք բոլոր պատրաստությունները կատարել ընդամենը մեկ օրում: Եկավ բավականին սպասված օրը։ Հպարտությամբ կասեմ շատ հաջող ամեն ինչ ընթացավ: Նախագիծը ներկայացրեցին Արին՝ ստեղծողը նախագծի, Մարիան՝ ակումբային գործունեության համակարգողը և Յանան՝ միջոցառումների համակարգողը: Բոլորը մեծ բավականությամբ լսեցին մեր նախագծի էությունը, առաքելությունն ու նպատակը, և թե ինչպես ենք մենք պատկերացնում նախագծի ապագան: Նաև եղավ հարց ու պատասխան, որի ընթացքում մենք պատասխանեցինք ներկաների բոլոր հարցերին և ընդունեցինք իրենց հետաքրքիր առաջարկները: Բոլորս անհամբեր սպասում ենք RippleFlow նախագծի բարելավմանն ու զարգացմանը:

-Ալիս Ավետյան

One thought on “RippleFlow նախագծի առաջին հանդիպում-քննարկումը”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started